Կաթի արտադրության սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում նախատեսված փոխհատուցումների վճարումները կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից և կշարունակվեն մինչև դեկտեմբեր։ Ծրագրի շահառուներին նախատեսված շուրջ 1,1 միլիարդ դրամի ամբողջ գումարը կվճարվի մինչև 2026 թվականի ավարտը։
Ծրագրի նպատակն է աջակցել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսություններին և խթանել Հայաստանում կաթնարտադրության զարգացումը։
Կառավարության հաստատած կարգով՝ աջակցությունը նախատեսված է 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առնվազն երեք կով ունեցող և սահմանված հաշվառման ու անասնաբուժական պահանջները բավարարող տնտեսությունների համար։
Սուբսիդավորման չափը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է 15 հազար դրամ՝ մեկ կովի հաշվով։ Աջակցությունը հաշվարկվում է առավելագույնը 20 կովի համար, այսինքն՝ մեկ տնտեսությունը կարող է ստանալ մինչև 300 հազար դրամ։
Ծրագիրը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը։ Դիմումների ընդունման սահմանված ժամկետն ավարտվել է հուլիսի 31-ին։
Փոխհատուցումների ամբողջական վճարումը մինչև տարեվերջ կարևոր աջակցություն կլինի կաթ արտադրող տնտեսություններին՝ հատկապես անասնակերի, կենդանիների խնամքի և ձմռան նախապատրաստական ծախսերի շրջանում։
