Հայաստանի 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող SIAL 2026 սննդի միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով հայկական արտադրանքը միջազգային գնորդներին և գործընկերներին։
Հոկտեմբերի 17–21-ը կազմակերպվող ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է երեք միասնական տաղավարով։ Մասնակից ընկերությունների արտադրանքի տեսականին ներառում է հրուշակեղեն, չրեր, թեյ, սուրճ, հյութեր, պահածոներ, մեղր, շոկոլադ, ձկնամթերք, գինի և կոնյակ։
Հայկական ընկերությունների մասնակցության նպատակն է ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, գտնել նոր գնորդներ և միջազգային շուկաներում ներկայացնել տեղական արտադրողների հնարավորությունները։
Մասնակցությունն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ։
SIAL-ը սննդի արդյունաբերության խոշորագույն միջազգային ցուցահանդեսներից է, որտեղ հանդիպում են սննդամթերքի արտադրողները, վերամշակողները, առևտրային ցանցերի ներկայացուցիչներն ու դիստրիբյուտորները։
Հայկական ընկերությունների մասնակցությունը կարևոր հնարավորություն է հատկապես գյուղմթերքի վերամշակման ոլորտի համար։ Միջազգային հարթակներում ներկայությունը կարող է նպաստել ոչ միայն պատրաստի արտադրանքի արտահանմանը, այլև հայկական վերամշակող ձեռնարկությունների գործարար կապերի ընդլայնմանը։
