Հայկական ջերմոցային արտադրողները ստիպված են արագ վերանայել իրենց արտահանման շուկաները։ Ռուսաստանի շուկայում առաջացած սահմանափակումներից հետո Կոտայքի մարզում գործող Rockberry ընկերությունը ելակի և պղպեղի արտահանման հիմնական ուղղությունը տեղափոխում է Պարսից ծոցի երկրներ՝ միաժամանակ ուսումնասիրելով եվրոպական շուկա մտնելու հնարավորությունները։
Rockberry-ի ջերմոցային տնտեսությունը Կամարիսում կառուցվել է 2018 թվականին, իսկ ելակի արտադրությունը սկսվել է 2019-ի գարնանը։ Ընկերության ջերմոցային տարածքը կազմում է մոտ 11 հա, և այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա։ 2022 թվականին ընկերությունը ստացել է GlobalG.A.P. սերտիֆիկացում։
Տարեկան՝ 1500 տոննա ելակ
Rockberry-ի տվյալներով՝ ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 1500 տոննա ելակ, որի շուրջ 98%-ն արտահանվում է։ Արտադրության համար օգտագործվում են, մասնավորապես, հոլանդական Sonsation և Favori բարձրարժեք սորտերը։ Ընկերությունը նշում է, որ դրանց ընտրության ժամանակ կարևոր է եղել ոչ միայն բերքատվությունը, այլև պտղի համը, պահպանման ժամկետը և արտահանման համար պիտանիությունը։
Պղպեղի արտադրությունն ունի ավելի երկար սեզոն․ բույսերը ցանվում են նոյեմբերին, ջերմոց են տեղափոխվում հունվարին, իսկ բերքահավաքը շարունակվում է մարտից մինչև դեկտեմբերի սկիզբ։ Արտադրվում են հիմնականում կարմիր, ինչպես նաև դեղին և նարնջագույն բուլղարական պղպեղներ, mini և Palermo տեսակի պղպեղներ։
Ինչու է Պարսից ծոցը դարձել հիմնական ուղղությունը
Մինչև 2026 թվականը Ռուսաստանի շուկան Rockberry-ի հիմնական արտահանման ուղղությունն էր։ Ընկերության ներկայացմամբ՝ վաճառքը հունիսին դադարել է ռուսական սահմանափակումների պատճառով։ Սակայն դեպի Ռուսաստան լոգիստիկ խնդիրները, ըստ ընկերության, արդեն շուրջ չորս տարի դժվարացնում էին աշխատանքը։
Այժմ հիմնական այլընտրանքը Պարսից ծոցի երկրներն են։ Սակայն այստեղ նույնպես մրցակցությունը մեծ է։ Rockberry-ն որպես հիմնական մրցակիցներից մեկը նշում է Եգիպտոսը, իսկ Մարոկկոյի արտադրությունը նույնպես արագ ընդլայնվում է։
Ելակի դեպքում հատկապես կարևոր է օդային փոխադրումը։ Ընկերության տվյալներով՝ անցած տարի Արաբական Միացյալ Էմիրություններ օդային փոխադրումը կազմել է մոտ 1,5 եվրո/կգ, իսկ Քաթար՝ մոտ 2,5 եվրո/կգ։ Եվրոպա օդային առաքման արժեքը կարող է հասնել մոտ 3–3,5 եվրոյի/կգ-ի, ինչը լուրջ խնդիր է արտահանողի համար։
Հայաստանի ջերմոցային արտադրության համար նոր մարտահրավեր
Rockberry-ի պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից ջերմոց ունենալը դեռ բավարար չէ արտահանման կայուն շուկա ապահովելու համար։ Արտադրանքի ինքնարժեքից և որակից բացի, վճռորոշ են դառնում լոգիստիկան, փաթեթավորումը և շուկա հասնելու արագությունը։
Ընկերությունն առանձնացնում է երկու հիմնական խնդիր՝ լոգիստիկան և փաթեթավորումը։ Ելակի համար երկար ճանապարհը հատկապես բարդ է, քանի որ արտադրանքը արագ կորցնում է իր որակը, իսկ պղպեղը հնարավոր է տեղափոխել այլ՝ ավելի մատչելի եղանակներով։
Միաժամանակ հայկական ջերմոցային արտադրողների համար եվրոպական շուկան աստիճանաբար ավելի հասանելի է դառնում։ FreshPlaza-ի տվյալներով՝ ԵՄ շուկայում հայկական ելակի համար գործում է 2500 տոննայի քվոտա՝ զրոյական մաքսատուրքով, իսկ նախորդ տարի Հայաստանից արտահանվել էր մոտ 1700 տոննա։
Գլխավոր խնդիրը՝ շուկան կորցնելուց հետո նոր շուկա գտնելը
Հայաստանի ջերմոցային ոլորտի համար Ռուսաստանի շուկայի կորուստը առանձնահատուկ նշանակություն ունի։ Ավելի վաղ հայկական բանջարեղենի և մրգի արտահանման մեծ մասը ուղղվում էր հենց Ռուսաստան։ FreshPlaza-ի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի բանջարեղենի արտահանման արժեքը կազմել է 74,6 մլն եվրո, իսկ դրա մոտ 95%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։
Այս պայմաններում Rockberry-ի փորձը ցույց է տալիս հայկական ջերմոցային տնտեսությունների առաջ կանգնած նոր խնդիրների ամբողջ շղթան՝ արտադրությունից մինչև միջազգային շուկայի դուռը։
Հայաստանում բարձր տեխնոլոգիական ջերմոցների զարգացումը շարունակվում է, սակայն հաջորդ փուլում կարևոր է լինելու ոչ միայն որքան արտադրել, այլև՝ որտեղ վաճառել, ինչ գնով և ինչ ծախսով հասցնել արտադրանքը սպառողին։
