Մասիս համայնքի 19 բնակավայրերից 104 բնակիչ մասնակցել է հողի և ոռոգման ջրի որակի գնահատման, հողի բերրիության բարելավման և բույսերի արդյունավետ սնուցման վերաբերյալ մասնագիտական դասընթացի։ Մասնակիցներին առաջարկվել է նաև հողի անվճար լաբորատոր հետազոտություն։
Դասընթացն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում՝ Մասիսի համայնքապետարանում։
Մասնակիցների թվում եղել է 36 տեղահանված արցախցի։ Դասընթացին մասնակցել է 54 կին և 50 տղամարդ։
Հողի որակն ու բերրիությունը՝ ուշադրության կենտրոնում
Մասնագետները ներկայացրել են Արարատյան դաշտի հողերին բնորոշ հիմնական խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել հողի և ոռոգման ջրի լաբորատոր հետազոտությունների նշանակությանը, ինչպես նաև ստացված արդյունքների ճիշտ մեկնաբանությանը։
Դասընթացի ընթացքում քննարկվել են նաև՝
- օրգանական և հանքային պարարտանյութերի արդյունավետ կիրառումը,
- կոմպոստի պատրաստումն ու օգտագործումը,
- կաթիլային ոռոգման միջոցով պարարտանյութերի կիրառումը՝ ֆերտիգացիան,
- կենսապատրաստուկների և միկրոտարրերի օգտագործումը,
- ջրախնայող ոռոգման տեխնոլոգիաները։
Այս գիտելիքները կարող են օգնել ֆերմերներին ավելի ճիշտ կազմակերպել հողի մշակությունն ու բույսերի սնուցումը՝ հաշվի առնելով հողի և ջրի իրական վիճակը։
Ֆերմերներին հնարավորություն կտրվի անվճար հետազոտել հողը
Դասընթացի ավարտին մասնակիցներին հնարավորություն է տրվել նախաձեռնության շրջանակում ստանալ հողի անվճար լաբորատոր անալիզ։
Հողի հետազոտության արդյունքները կարող են ֆերմերներին օգնել պարզելու՝ ինչ սննդատարրերի կարիք ունի հողը, ինչպիսի պարարտանյութեր են անհրաժեշտ և ինչպես կարելի է խուսափել դրանց անհարկի կամ ոչ արդյունավետ օգտագործումից։
Հողի և ոռոգման ջրի որակի գնահատումը կարևոր է հատկապես Արարատյան դաշտի համար, որտեղ գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը մեծապես կախված է ջրային ռեսուրսների և հողի բերրիության ճիշտ կառավարումից։
Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ
«Բերքառատ հող» նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Այն «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացման խթանում» ծրագրի բաղադրիչներից է։
Նախաձեռնության նպատակն է գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներին տրամադրել գործնական գիտելիքներ և գործիքներ՝ հողի կառավարման, բույսերի սնուցման և արտադրության արդյունավետության բարձրացման համար։
