Լոռու Գյուլագարակում վեց ֆերմեր որոշեցին առանձին տնտեսություններ վարելու փոխարեն միավորել իրենց հողը, գիտելիքն ու ռեսուրսները։ Երկու տարի անց «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը շուրջ 200 հեկտար հողատարածք է մշակում, այդ թվում՝ նախկինում չօգտագործված տարածքներ։
Կոոպերատիվը ստեղծվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող LEAD՝ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է FAO-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից։
Միասին աշխատելու որոշումը
«Հատիկի» ստեղծման հիմքում բավական պարզ խնդիր էր․ Լոռու ֆերմերները բախվում էին որակյալ սերմերի սահմանափակ հասանելիությանը, արտադրական ծախսերի աճին, մատակարարման բարդություններին և մասնագիտական խորհրդատվության պակասին։
Կոոպերատիվը միավորել է Վարդաբլուրի, Հոբարձու և Գյուլագարակի համայնքներից ֆերմերների։ Անդամների մասնագիտական տարբեր փորձը, ըստ FAO-ի ներկայացրած պատմության, դարձել է կոոպերատիվի առավելություններից մեկը։
«Հատիկի» հիմնադիր Վրույր Այվազյանի խոսքով՝ առանձին աշխատելով՝ ցանկալի արդյունքի հասնելը դժվար էր, իսկ համատեղ աշխատանքը հնարավորություն տվեց միավորել ռեսուրսներն ու գիտելիքը։
Սերմարտադրությունը՝ կոոպերատիվի կարևոր ուղղություն
FAO-ի աջակցությամբ կոոպերատիվը ծանոթացել է սերմարտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին։ Արդյունքում այն սկսել է արտադրել և մատակարարել տարբեր մշակաբույսերի սերմացու, այդ թվում՝ ոլոռի, հնդկաձավարի և կարտոֆիլի տեսակներ։
Սերմարտադրության դաշտերն այսօր նաև ցուցադրական նշանակություն ունեն․ ֆերմերները կարող են տեղում տեսնել կիրառվող տեխնոլոգիաներն ու մեթոդները։
Կոոպերատիվը միայն արտադրությամբ չի սահմանափակվում։ Այն նաև դարձել է գիտելիքի փոխանակման հարթակ՝ հյուրընկալելով դասընթացներ և ֆերմերների հանդիպումներ։ Գործունեության մեջ ներգրավվում են նաև համայնքի կանայք և երիտասարդները՝ մասնավորապես սեզոնային աշխատանքներում։
Ջրհեղեղից հետո՝ վերականգնում
«Հատիկի» ճանապարհը առանց լուրջ խնդիրների չի անցել։ Դեբեդ գետի վարարումը վնասել է նաև կոոպերատիվի գործունեության հետ կապված ենթակառուցվածքները՝ խաթարելով աշխատանքն ու եկամուտները։ Սակայն անդամները որոշել են վերականգնել աշխատանքը և շարունակել զարգացումը։
FAO-ի գնահատմամբ՝ այս պատմությունը ցույց է տալիս, որ փոքր ֆերմերների համար համագործակցությունը կարող է դառնալ ոչ միայն արտադրությունն ընդլայնելու, այլև ռիսկերի նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու միջոց։
Ի՞նչ է հաջորդը
Կոոպերատիվի անդամները ցանկանում են ներդրումներ կատարել սերմարտադրության ավելի ժամանակակից սարքավորումների մեջ և շարունակել տեխնիկական խորհրդատվության ստացումը։
«Հատիկի» օրինակը ցույց է տալիս նաև Հայաստանի գյուղատնտեսության համար ավելի լայն խնդիրը․ երբ ֆերմերները միավորում են հողը, տեխնիկան, գիտելիքն ու շուկայի հնարավորությունները, փոքր տնտեսությունների առանձին սահմանափակումները կարող են վերածվել համատեղ արտադրական հնարավորության։
Աղբյուր՝ FAO Armenia, ՄԱԿ-ը Հայաստանում։
