Արարատի մարզում շարունակվում է խաղողի մթերման սեզոնը։ «Պռոշյանի կոնյակի գործարանը» նախատեսում է այս տարի մթերել ավելի քան 32 հազար տոննա խաղող։ Արդեն ընդունվել է մոտ 13 հազար տոննա, իսկ օրական մթերման ծավալը հասնում է շուրջ 1,500 տոննայի։
Գործարանի կողմից հայտարարված միջին մթերման գինը կազմում է մոտ 140 դրամ՝ մեկ կիլոգրամի դիմաց։
Միաժամանակ, գյուղացիների խոսքով՝ խաղողի արտադրության ինքնարժեքը որոշ տնտեսություններում հասնում է 110–120 դրամ/կգ-ի։ Այսինքն՝ 140 դրամ մթերման գնի դեպքում մեկ կիլոգրամից տեսականորեն մնում է մոտ 20–30 դրամ, սակայն այդ տարբերությունը չի կարելի դիտարկել որպես մաքուր շահույթ, քանի որ կախված է տնտեսության իրական ծախսերից և բերքատվությունից։
Մթերման գործընթացում խնդիր է մնում նաև հերթերի հարցը․ որոշ մթերման կետերում մեքենաների հերթը հասնում է 20–30-ի։
«Վեդի Ալկո»-ն նույնպես նախատեսում է մեծածավալ մթերումներ՝ մոտ 30 հազար տոննա։ Ընկերությունը սահմանամերձ համայնքներից խաղողը նախատեսում է ընդունել 140 դրամ/կգ, իսկ մյուս տարածքներից՝ 130 դրամ/կգ գնով։
Այս տարվա մթերման սեզոնը կրկին ցույց է տալիս, որ խաղողի վերջնական գնի կողքին գյուղացու համար առանցքային հարցը մնում է արտադրության ինքնարժեքը և մթերման գործընթացի կազմակերպումը։
