Հայաստանը 2027 թվականի հունվարի 2-ից ևս վեց ամսով կարգելի սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։ Սահմանափակման նպատակն է պահպանել Սևանա լճի կենսառեսուրսները, ապահովել սիգի բնական վերարտադրությունը և նվազեցնել ձկնատեսակի պաշարների վրա ճնշումը։
Արգելքը վերաբերում է Հայաստանի ծագում ունեցող սիգի ձկնկիթի արտահանմանը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխմանը։ Այն չի նշանակում սիգի կամ ձկնամթերքի բոլոր տեսակների արտահանման արգելք։
Ինչո՞ւ է երկարաձգվում արգելքը
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին Սևանա լճում սիգի կենսազանգվածի ցուցանիշները տատանվել են։
Պաշտոնական տվյալներով՝ սիգի կենսազանգվածը կազմել է՝
- 2019 թվականին՝ 2668 տոննա,
- 2020 թվականին՝ 2345 տոննա,
- 2021 թվականին՝ 5348 տոննա,
- 2022 թվականին՝ 4700 տոննա,
- 2023 թվականին՝ 3974 տոննա,
- 2024 թվականին՝ 1293 տոննա,
- 2025 թվականին՝ 3591.8 տոննա։
Չնայած 2025 թվականին գրանցված աճին՝ կառավարության գնահատմամբ՝ սիգի պաշարները դեռևս չեն հասել բնականոն վերարտադրության և լճում օպտիմալ թվաքանակի ապահովման համար անհրաժեշտ մակարդակին։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշ գիտական գնահատականներով՝ սիգի ընդհանուր պաշարը կարող է հասնել մինչև 10 հազար տոննայի, իսկ արդյունագործական որսի ծավալը՝ շուրջ 2 հազար տոննայի և ավելի։ Սակայն ներկայիս ցուցանիշները դեռևս այդ մակարդակին չեն հասնում։
Ինչպե՞ս են փոխվել որսի ծավալները
Պետական տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ծավալները նույնպես աճել են։
2020 և 2021 թվականներին որսը կազմել է 300-ական տոննա, 2022 և 2023 թվականներին՝ 600-ական տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, իսկ 2025 թվականին՝ 1123 տոննա։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ սիգի կայուն արդյունագործական որսի համար կարևոր նախապայման է բնական վերարտադրության ապահովումը։ Այդ նպատակով ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում են խստացված վերահսկողական միջոցառումներ՝ ձվադրման ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու համար։
Ի՞նչ է նախատեսում նոր սահմանափակումը
Սիգի ձկնկիթի արտահանման արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից՝ վեց ամիս ժամկետով։ Այն տարածվում է որոշմամբ սահմանված մաքսային ապրանքային ծածկագրերով դասվող՝ Հայաստանի ծագում ունեցող սիգի ձկնկիթի վրա։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ միջազգային շուկայում ձկնկիթի բարձր արժեքը կարող է լրացուցիչ տնտեսական խթան ստեղծել ձկան պաշարների շահագործման համար։ Արտահանման սահմանափակումը դիտարկվում է որպես Սևանի կենսառեսուրսների պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոց։
Սակայն այս միջոցառման արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն արտահանման վերահսկողությունից, այլև ապօրինի որսի դեմ պայքարից, ձկնային պաշարների գիտական մշտադիտարկումից և բնական վերարտադրության պայմանների ապահովումից։
