ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) «Տեխնիկական աջակցություն բրուցելոզի դեմ պայքարին» ծրագրի շրջանակում կազմակերպել է «Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզի կառավարում» թեմայով դասընթացավարների պատրաստման եռօրյա դասընթաց։ Դասընթացի նպատակն էր հզորացնել անասնաբուժության ոլորտի մասնագետների կարողությունները բրուցելոզի կանխարգելման, հայտնաբերման և վերահսկման ուղղությամբ՝ այդպիսով նվազեցնելով կենդանիներից մարդուն վարակի փոխանցման ռիսկը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հիմնական ուշադրությունը դարձվել է բրուցելոզի կանխարգելման, հիվանդության հսկողության և դրա դեմ պայքարի ոլորտներում մասնագիտական գիտելիքների խորացմանն ու գործնական հմտությունների զարգացմանը։ Դասընթացի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ հետագայում Հայաստանի տարբեր մարզերում 600 անասնաբույժի, անասնաբուծությամբ զբաղվող 1200 ֆերմերի, ինչպես նաև անասնաբուծության արժեշղթայի այլ շահագրգիռ կողմերի համար վերապատրաստումներ անցկացնելու նպատակով։
Բրուցելոզն աշխարհում ամենատարածված զոոնոզ հիվանդություններից է, որը բացասաբար է ազդում անասնաբուծության, սննդամթերքի անվտանգության, հանրային առողջության և գյուղական բնակչության կենսապահովման միջոցների վրա: Քանի որ հիվանդությունը կարող է կենդանիներից փոխանցվել մարդուն, դրա կանխարգելման ու վերահսկողության համար անհրաժեշտ է առողջապահության և անասնաբուժության ոլորտների սերտ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ անասնաբուժական ծառայություններ, իրազեկ ֆերմերներ և հիվանդության հսկողության գործուն համակարգեր: Այս մոտեցումների որդեգրումը կարող է նպաստել վարակման ռիսկի նվազեցմանը և սահմանափակել վարակի տարածումը համայնքային մակարդակում:
Վերապատրաստման առաջին երկու օրը, որը վարում էր միջազգային տեխնիկական փորձագետ Բալդօմերո Մոլինա-Ֆլորեսը, նվիրված էր բրուցելոզի կառավարման հիմնական ուղություններին, այդ թվում՝ հիվանդության ախտորոշմանը, հսկողությանը, կանխարգելմանն ու վերահսկման միջոջառումներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում տիրող անասնահամաճարակային իրավիճակին, հիվանդության դեմ պայքարի ազգային ռազմավարությանը և գործնականում կիրառվող ընթացակարգերին։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև անասնապահական տնտեսություններում կենսաանվտանգության միջոցառումների, պատվաստումների և «Մեկ առողջություն» մոտեցման կարևորությունը։ Վերջինս հիմնված է մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածության սկզբունքի վրա։ Բրուցելոզի կանխարգելման և դրա դեմ պայքարի համատեքստում այս մոտեցումը կարևորում է տարբեր ոլորտների համակարգված գործողությունները՝ կենդանիներից մարդուն վարակի փոխանցման ռիսկը նվազեցնելու, պարենային շղթայի տարբեր փուլերում առկա ռիսկերը կառավարելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
Վերապատրաստման երրորդ օրը գործնական պարապմունքներ են անցկացվել Վաղարշապատ համայնքում, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել կենդանիների հետ անվտանգ վարվելու, աշխատանքի անվտանգության և անհատական պաշտպանության միջոցների կիրառման, պատվաստումների իրականացման, ինչպես նաև ախտորոշիչ նմուշների պատշաճ հավաքման և փոխադրման գործնական հմտություններ։
Եզրափակիչ հանդիպման ընթացքում մասնակիցները համատեղ աշխատանքով եռօրյա վերապատրաստման ծրագիրը հարմարեցրել են մարզային անասնաբույժների կարիքներին՝ մշակելով մեկօրյա հագեցած ուսուցման ծրագիր։ Վերապատրաստումը եզրափակվել է մարզային մակարդակով մեկօրյա դասընթացների կազմակերպման հետագա քայլերի քննարկմամբ, որոնց նպատակն է գործնական գիտելիքներն ու հմտությունները փոխանցել Հայաստանի տարբեր մարզերի անասնաբույժներին և ամրապնդել բրուցելոզի կանխարգելման ու վերահսկման կարողությունները Հայաստանի ամբողջ տարածքում։
Նպաստելով անասնաբույժների մասնագիտական կարողությունների և դասընթացներ վարելու հմտությունների զարգացմանը՝ նախաձեռնությունն աջակցում է բրուցելոզի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված Հայաստանի ջանքերին։ Անասնաբուժական կարողությունների շարունակական հզորացումը և միջոլորտային համագործակցությունը կարող են նպաստել կենդանիների և մարդկանց առողջության պաշտպանությանը, սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվող համայնքների կենսապահովման միջոցների պահպանմանը։
Նյութում ներկայացված ծրագիրը կամ նախաձեռնությունը իրականացվել է կամ իրականացվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը պարտադիր չէ, որ արտացոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային կառավարության դիրքորոշումը կամ քաղաքականությունը և չպետք է մեկնաբանվի որպես վերջինիս կողմից պաշտոնական հավանության արտահայտում։
