Ջերմատների կառուցման նոր ծրագիր
Կառավարությունը որոշել է խթանել Հայաստանոմ գյուղատնտեսության ոլորտի խոշոր ջերմատնային տնտեսությունների զարգացումը։ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծն արդեն հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում, որով նախատեսում է տրամադրել պետական աջակցություն առավել խոշոր ներդրումային ծրագրերին։
Ըստ նախագծի՝ ներկայիս աջակցության գործիքները հնարավորություն են տալիս զարգացնել 4-5 հա տարածքով ջերմատներ՝ առավելագույնը 3 մլրդ դրամի վարկի սահմաններում։ Սակայն խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է փոփոխություն, որը հնարավորություն կտա տնտեսավարողներին ստանալ մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ։ Սա կխթանի մինչև 20 հա տարածքով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։
Էկոնոմիկայի նախարարության հիմանվորման համաձայն՝ նախագիծը մտված է գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը, ջերմատնային արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և ոլորտի թվայնացման խթանմանը։
Արդյունքում, ծրագրի իրականացմամբ, այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կնքված 4 պայմանագրերի հիման վրա 15,27 հա ջերմատնային տնտեսությունների փոխարեն հնարավոր կլինի հիմնել մինչև 20 հա ջերմատուն՝ ընդլայնելով արտադրության և արտահանման ներուժը։
Խոշոր ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի գնահատմամբ՝ ճիշտ որոշում է: Նա Ագրոպրեսի հետ զրույցում նշեց, որ աշխարհն է այդ ուղղությամբ գնում, նաև մեր երկրում պետք է զարկ տալ խոշոր ջերմատնային տնտեսությունների զարգացմանը:
Մասնագետը, սակայն, խնդիրներ է նկատում: Նրա խոսքով՝ կարևոր է, թե հանրապետության որ մարզերում են ցանկանում զարգացնել խոշոր ջերմոցային տնտեսությունները: Բացի այդ, Պողոս Գևորգյանը մատնանշեց, որ ջերմատների կառուցման հարցում մասնագետների պակաս կա:
Ըստ ասոցիացիայի նախագահի` առաջին հերթին կարևոր է, թե որտեղ է կառուցվում ջերմատունը։
«Մեզ պետք է ջերմատուն կառուցել լեռնային գոտիներում։ Այնտեղ օդը, ջուրը մաքուր է, և մենք կկարողանանք օրգանիկ գյուղմթերք արտադրել, որ կարողանանք արտահանել։ Այսօր ոչ ոքի հետ, նաև Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ՀՀ-ն մրցունակ չէ։ Գազի գինը բարձր է, ինքնարժեքը թանկ է նստում մեզ վրա: Լոլիկ ենք արտադրում, որը չենք կարողանում ՌԴ ուղարկել, պետք է այնպիսի մթերք արտադրենք, որ կարողանանք այլ շուկաների էլ տանենք, ոչ թե մնանք միայն Ռուսաստանի հույսին: Մեկ է ադրբեջանցին չի թողնելու, որ ռուսական շուկա մտնենք, իր հերթին էլ ռուսը չի թողնելու Լարսն անցնեք»,-ասաց նա։
Գևորգյանն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև, թե ինչ է աճեցվում ջերմոցում։ Հայաստանում հիմնականում ջերմատներում աճեցվում է 60 տոկոս բանջարեղեն և 40 տոկոս ծաղիկ։ Սակայն այսօր, նրա խոսքով, և՛ Արաբական երկրներում, և՛ Եվրոպայում մեծ պահանջարկ ունի օրգանիկ գյուղմթերքը, որը հնարավոր է բարձր գնով վաճառել։ Նրա համոզմամբ՝ ջերմոցներում հնարավոր է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքն արտադրել, եթե ջերմատունը լինի լեռնային գոտում` հատկապես Սյունիքում, որը մոտ է Իրանի սահմանին, և այնտեղից հնարավոր է արտադրանքը հեշտությամբ արտահանել Արաբական երկրներ։
«Ճամբարակում վարելահողերի 75 տոկոսը չի օգտագործվում, թող նման համայնքներում ջերմոց հիմնեն: Բայց այստեղ մեկ հարց էլ կա: Լեռնային գոտում ջերմատուն կարող է կառուցել գյուղացին, որը, սակայն, չունի այնքան ֆինանսական միջոց, որ ջերմատան կառուցման համար 20 տոկոս կանխավճար տա և 30 տոկոս գրավ դնի։ Հետևաբար, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հենց այս կարևոր հանգամանքի վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Պողոս Գևորգյանը նաև հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների զարգացմանն ուղղված նախորդ ծրագիրն էլ հաջողության չի հասել, վարկերը վերցրել են, ջերմոց կառուցել, բայց հետո, ինչպես ինքն է որակում ՝ «սկել»:
Ծրագիր՝ խոշոր ներդրողների համար
Թեպետ ծրագիրը Արմավիրի մարզի Հովտամեջ բնակավայրի ջերմոցատերերից Սուրեն Նավասարդյան լավն է համարում, բայց ասում է՝ ինքը երբեք նման ռիսկի տակ չի մտնի:
«Միայն այդ պետական աջակցությամբ հնարավոր չէ այդքան խոշոր ջերմատւն կառուցել, դու էլ պետք է գումար ունենաս: 20 հեկտարի համար շուկա էլ է չէ՞ պետք, հո միայն ջերմոց կառուցելով չի, այդքան ապրանքը որտեղ պետք է սպառեն: Արտահանման ,իակ շուկան Ռուսաստանն է, ո՞ւր այդքան արտադրանք արտահանեն»,- հարց բարձրացրեց հողագործը:
Մարզի Արաքս համայնքում էլ է զարգացած ջերմացային տնտեսությունները: Գյուղացիները պատմեցին, որ նախորդ՝ մինչև 3 մլրդ վարկային ծրագրից շատերն են օգտվել, բայց նորի վերաբերյալ որոշակի վերապահումներ ունեն: Նրանց կարծիքով՝ այն ունևոր ֆերմերների համար է:
«Փոքր ջերմոցային տնտեսությունները դժվար թե օգտվեն նման ծրագրերից, խոշորները կօգտվեն: Սկզբնական շրջանում մեծ գումար պետք է ներդրվի, որն այսօր գյուղացին չունի: Մի կողմից էլ գյուղացին մինչև 20 հեկտար հող չունի, էլի հարուստ ֆերմերներն ունեն: Այս ծրագրից խոշոր տնտեսվարողնեը կարող են օգտվել, գյուղացին միայն 1000-2000 մետր հող ունի: Չաշխատող աջակցություն է, այն խոշոր ներդողների համար է»,- նկատեց Արաքս համայնքից Ղազար Ղազարյանը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
