արտադրությունը նվազել է, «Իշխան»-ն էլ թանկացել, իրավիճակը ձկնաբուծական տնտեսություններում
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները կկարգավորվեն
ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները։ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման համար հրապարակվել է համապատասխան նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել հիդրոերկրաբանական տեղեկատվությունների տրամադրումը. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը չի տրամադրի հիդրոերկրաբանական տեղեկատվություններ՝ Արարատյան դաշտի արգելվող համայնքների համար: Կարգավորել ձեռնարկատիրական գործունեությունը. սահմանափակվում է ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը արգելված համայնքներում՝ ջրօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։
Օրենքի նախագծով ակնկալվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ավելի խիստ վերահսկում, արգելված համայնքներում ջրօգտագործման սահմանափակումների արդյունավետ կիրարկում։
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2024 թվականի «Ջրային օրենսգրքում» և շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են նոր հորատանցքերի օգտագործման սահմանափակումներ՝ Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում։ Այդ համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հորատանցքերի օգտագործումը ձկնաբուծական նպատակներով։
ՀՀ ձկնաբույծների ասոցիացիայի նախագահ Գոռ Գրիգորյանը Ագրոպրես-ի հետ զրույցում ընդգծեց, որ նոր կարգավորումն ուժի մեջ մտնելու դեպքում գործող ձկնաբուծարանները չեն տուժի, որովհետև նրանց տրված թույլտվությունը երկարաձգվում է: Սակայն, եթե տվյալ ձկնաբույծը ցանկանա ընդլայնել ձկնաբուծական տնտեսությունը, հորատանցքի թույլտվություն չի կարող ստանալ:
«Եթե մարդը ժամանակին ձկնաբուծարան է ունեցել, հետո ինչ-ինչ պատճառներով փակել է, բայց աղբյուրը մնացել է, միայն փականով են փակել, եթե հիմա վերագործարկման համար դիմի, իրեն այլևս թույլտվություն չեն տալու: Եթե իրենք ջրային ռեսուրսն են ուզում խնայել, նման օրենքներով չպետք է խնայեն: Շրջակա միջավայրի նախարարության թվերն են ասում՝ վայրկյանում 4000 լիտր թափվող ջրեր կան այս պահին, որոնք տիրազուրկ են, այսինքն՝ ապօրինի, կամ ուղղակի ջուրը թափվում է: Էդ ջրերը ո՛չ ոռոգման համար են պիտանի, ո՛չ կենցաղում օգտագործման, թափվում դառնում է ճահիճ: Ոչ մի միջոց չեն ձեռնարկում դրանց դեմն առնելու համար, այլ գնում են գործող տնտեսությունը, որ բարիք է ստեղծում, հարկ է տալիս, աշխատատեղ է ապահովում, այդ մարդկանց ջրերն են ուզում փակել, կամ կրճատել, ինչ- որ ֆոկուսներ անել: 2024 թվականին, իմ ունեցած տվյալներով, առհասարակ տիրազուրկ հորերը փակելու վերաբերյալ որևէ մրցույթ չի հայտարարվել»,- նկատեց ասոցիացիայի նախագահը:
Արարատի մարզի Հովտաշատ բնակավայր ձկնաբույծներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ նշեց, որ այս քայլով պետությունը գնում է ծայրահեղ քայլի: Ըստ նրա՝ պետության կողմից կիրառվող սահմանափակումներին զուգահեռ նաև ձկնաբույծն է գնում չափազանցված քայլի և ապօրինի հորատում կատարում:
«Եթե հորատումներն արգելում են, պետք է արգելեն բոլոր համայնքներում, ոչ թե մի քանի տեղ միայն, որովհետև բոլոր ձկնաբուծարաններն էլ սնվում են նույն ստորգետնյա ջրային ավազանից: Խնդիրն ամբողջական այս տարբերակով պետք է լուծել, որ ջրային ռեսուրսները վերականգնվեն, և ջուրը խնայողաբար օգտագործեն, ոչ թե հատվածական մոտեցում ցուցաբերել»,- մատնանշեց մեր զրուցակիցը:
Ձկնարտադրողները դատարան են դիմել, օրենքը կասեցվել է
Նախորդ տարվանից Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ պետք է անցնեին ջրի օգտագործման փակ շրջանառու համակարգին, որը ենթադրում է 40 տոկոսի ջրի խնայողություն:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ձկնարտադրողները դատարան են դիմել, դատարանն էլ կասեցրել է օրենքը:
Ձկնաբույծների ասոցիացիայի նախագահը հիշեցնում է՝ 2023 թվականի տարեվերջին ձկնաբույծները բազմաթիվ ակցիաներ արեցին՝ պահանջելով կասեցնել օրենքը: Տարբեր գերատեսչությունների դեմ անարդյունք բողոքի ակցիաներ անելուց հետո նրանք դիմել են դատարան:
Ըստ ձկնաբույծնեի՝ դրա ներդրումը և՛ ծախսատար է, և՛ անարդյունավետ:
«Ոչ մեկը չի կարողանալու էդ դնի ու դնելուց հետո չի աշխատելու: Մարդը կարա 80 աստիճանի ջերմաստիճանի տակ ապրի, եթե փակ համակարգ եղավ, ջուրը տաքանալու է, ձկները սատկեն, իմաստ չունի էդի, ոնց որ բերես լցնես սատկացնես»,- ասաց Արարատի մարզի ձկնաբույծներից Արսեն Հարությունյանը:
Արտադրությունը նվազել է, գինը՝ բարձրացել
Ձկնաբույծի խոսքով՝ թեև օրենքն ուժի մեջ չմտավ և իրենք էլ լրացուցիչ ծախսերի տակ չմտան, բայց տուժեցին այլ հարցում:
Նա շեշտեց, որ երկու տարի առաջ անհայտ ծագմամբ հիվանդության պատճառով «Իշխանի» զգալի կորուս տեղավ և կրճատվեց արտադրության ծավալները: Արսեն Հարությունյանն ասաց, որ արտադրության ծավալների կրճատման հետևանքով է, որ այսօր «Իշխանի» մեկ կիլոգրամը տատանվում է 2500-2800 դրամի սահմաններում:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի 1-ին եռամսյակում արտադրվել է 7,839 տոննա ձուկ։ 2023թ-ի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ արտադրության ծավալները նվազել են 40 %-ով՝ կազմելով 4,725 տոննա։ Անցած տարվա առաջին եռամսյակում արտահանվել է 590 տոննա ձուկ։ 2023թ-ի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ձկան արտահանման ծավալները նվազել են 30%-ով՝ կազմելով 411 տոննա։ Հայաստան 2023թ-ի առաջին եռամսյակում ներմուծվել է 1,755 տոննա ձուկ։ 2023թ-ի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ձկան ներմուծման ծավալներն աճել են 31%-ով՝ կազմելով 2,299 տոննա։
Գոռ Գրիգորյանը նշում է, որ գնի բարձրացում մի շարք գործոններից է կախված՝ սկսած կերի արժեքից, մինչև պահպան պայմաններ:
«Աշխարհում ձուկն աճուրդով է վաճառվում, բոլոր երկրներում ձուկը տավարի մսից թանկ է: Օրինակ, խոտի գինն այդքան բարձր չէ, որքան ձկան կերը, ձկան պահման պայմանները ևս թանկ են: Ձուկը 18 ամիս պահում ես, որ մալյոկից դառնա 700 գրամանոց ձուկ: Էդ հրաշք է լինում, որ ձուկը 18 ամսում դառնում է1 կիլոգրամ»,- ներկայացրեց նա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
