Անասնապահություն

Նոր հնարավորություններ՝ ոչխարաբուծության և այծաբուծության ոլորտի համար

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագիրը դրական քայլ է համարում  «Կանչ» ոչխարաբուծության ասոցիացիայի նախագահ, ոչխարաբույծ Հարություն Մխիթարյանը:
Նա Ագրոպրես-ի հետ զրույցում նկատեց, որ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը մեր երկրի համար կարևոր ձեռք բերում կլինի, քանի որ քարքարոտ Հայաստանը  մանր եղջերավորների զարգացման երկիր է: Տարիներ առաջ, երբ ամերիկացիներն այցելել են մեր հանրապետություն, տեսնելով  ալպիական սարերն, ասել են, որ աշխարհի մակարդակով ոչխարի լավագույն միսը կարող ենք  արտադրել: Ըստ ոչխարաբույծի՝ մնում է ճիշտ օգտագործենք եղած հնարավորությունները:

«Շիրակի, Արագածոտնի մարզերը լավ հնարավորություն ունեն ոչխարաբուծության և այծաբուծության համար, բայց գյուղեր կան, որտեղ  միայն դաշտավարությամբ են զբաղվում, լավ կլիներ, որ այդ համայնքները ներգրավվեին այս ծրագրերում»,- կարևորեց նա:
Հարություն Մխիթարյանը ոչխարաբուծության զարգացման հարցում հույսը կապում է ապաշրջափակման ծրագրի կյանքի կոչման հետ: Նրա խոսքով՝ մեր երկիրը շրջապատված է մուսուլմանական երկրներով, եթե ճանապարհ բացվի,  գյուցացիները կսկսեն ոչխար պահել և մեծ քանակությամբ միս արտահանել: Իսկ մինչ այդ՝  ոչխարաբույծը մի քանի դիտարկում է  անում մսի իրացման հետ կապված:
 «Ավելի շատ միջնորդներն են աշխատում, քան՝ մենք: Պետք  է  ոչխարաբույծը միանգամից գնորդի հետ աշխատի, օրինակ, պայմանագիր կնքի, թե տարեկան ինչքան միս կարող է տալ: Սա պետք է կարգավորվի, այս բացը կա»,- նկատեց նա:
 Հիմա շուկայում այծի պանրի մեծ պահանջարկ կա: Հարություն Մխիթարյանը պատրաստ է մեծ քանակությամբ կաթ գնել, բայց այդ քանակություն չկա: Նրա կարծիքով, եթե ծրագիրն իր պտուղները տա, պահանջարկը կարող է արագ բավարարվել:

 Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով  նախորդ տարվա տվյալներով արդեն իսկ Հայաստան է  ներկրվել ավելի քան 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:
 Ներկրվել է բարձր մթերատվություն ունեցող մանր եղջերավորներ
 Ծրագրի նպատակն է հանրապետությունում ստեղծել ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ, ձևավորել բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի բարձր մթերատու հոտեր, կատարելագործել բուծվող ցեղերը, ավելացնել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
Ծրագրի շրջանակներում Գերմանիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրվել են դորպեր, օստֆրիսլանդական, բլանշ ցենտրալ մասիվ, հիսարյան և ռոմանովյան ցեղերի մանր եղջերավոր կենդանիներ։

Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերրը պետությունը սուբսիդավորում է:
Վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։
Այստեղ մեկ առավելություն էլ կա. պետություն նաև կատարված ծախսն է փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցվում է  շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար դրամ արժեքով գնած տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 %-ը:

 Այծի պանիր են ուզում
«Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Չիթչյանը ևս կարևորեց ծրագիրը:
«Տոհմային ոչխարը արժե մոտ 400 եվրո՝ 200 հազար դրամ, և շահառուն իր բերած կենդանու արժեքի 23 տոկոսը հետ է ստանում:  Շիրակի Կառնուտ գյուղից մի տնտեսություն ներկրել է 200 գլուխ  տոհմային ոչխարներ, և այդ 23 տոկոս կոմպենսացիան ստացել է: Կան նաև շահառուներ, որոնք արդեն ներկրված կենդանիներին են այստեղից գնում: Մի տարի հետո արդեն վաճառում են: Ծրագիրը շատ լավ աշխատում է»,-արձանագրեց նա:
Տիգրան Չիթչյանի պնդմամբ՝ հիմա Հայաստանում մեծ թափով զարգանում է ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը, սակայն, մեծ խնդիր կա, որ զարգանում է  մսային ոչխարաբուծությունը, ոչ կաթնային, բրդային և այլն:
«Շահառուներ կան, որոնք լացկան են: Իմ ասոցիացիայում ոչխարաբույծներ կան, որոնք բարձր գնով իրացնում են միսը: Այծի պանրի մեծ պահանջարկ կա, խնդիր չկա: Լացում են, որովհետև սովոր են, որ իրենց պետք է օգնեն, դա մեզ մոտ ավանդույթ դարձավ երկրաշարժից հետո: Երբ խորհրդատվություն եմ անցկացնում,  և ասում՝  ոչխարին նաև համակցված կեր տվեք, նեղվում են: Սովոր են ոչխարին միայն սարի խոտով պահել և միջին եկամուտ ստանալ:  Նանոտեխնոլոգիական մեթոդներից օգտվեք: Մեր  ոչխարաբույծները եզդու մակարդակի  ոչխար են պահում, դա համար են բողոքում են»,- ներկայացրեց  Չիթչյանը:

Կանչում ոչխարների կանչ չի լսվում
 Մինչդեռ Արագածոտնի մարզի  Կանչ բնակավայրի վարչական ղեկավար Մրազ Բրոյանը հակառակն է ասում: Նրա տեղեկացմամբ՝ գնալով մանր եղջերավորների գլխաքանակը կրճատվում է: Եթե Կանչում տարիներ առաջ  3 հազար է եղել մանր եղջերավորների գլխաքանակը, հիմա այն հազարի է հասնում: Նա թվարկում  է այն  պատճառների, որոնց հետևանքով այստեղ ոչխարների քանակը  զգալի պակասել է:
«Անասնակերի պակաս կար, մարդիկ սկսեցինկենդանիների  մի մասը վաճառել, որպեսզի հնարավոր լինի որոշ քանակություն պահել: Կաթի, բդրի իրացման հարց կար, օգուտը քիչ է, միայն չարչարանք է մնում:  Շուկան փոքր է, իրացման խնդիր կար: Բացի այդ էլ,  դաբաղ հիվանդության պատճառով  գլխաքանակի մեծ մասն անկեց»,- փաստեց Բրոյանը:

Նոր պայմանավորվածություններ, նոր հնարավորություններ
Իսկ «Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»-ի նախագահը պատասխանատու կերպով հայտարարում է, որ  մեր երկրում ոչխարաբուծությունն անասնապահության ամենաեկամտաբեր ճյուղն է:
«40 կիլոգրամանոց ոչխարից 18 կիլոգրամ մաքուր միս ես ստանում, որն էլ 4000 դրամով վաճառելու դեպքում, 70 հազար դրամ գումար ես վաստակում: Ոչխարը տարեկան տալիս  է նաև մեկ կամ երկու գառ, դա էլ է եկամուտ: Ոչխարաբույծները շատ շահույթ  ցույց չեն տալիս են և լացում են: Անգամ դեղ գնելու դեպքում ասում են՝ վայ էս ինչ թանկ է. 50  հազարանոց  ոչխարի վրա 500 դրամի ծախս չեն ուզում անել»,-նշեց նա:
 Այծաբուծությունը տարիներ առաջ զարգացավ մեր երկրում, հետո կանգ առավ, հիմա նորից թափ է հավաքում: Տիգրան Չիթչյանի խոսքով՝  տոհմային այծերի ներկրման ծրագիրն անասնապահների մոտ ոգևորություն է առաջացրել, որն էլ կնպաստի այս  ճյուղի արագ վերականգնմանը:
 Մասնագետը նաև հավելում է՝ թող չդժգոհեն, որ արոտավայրերի խնդիր կա:  Ըստ նրա՝  եղածը բավարար է, միայն թե պետք է հարցին գրագետ մոտենալ և ճիշտ կազմակերպել արոտների կառավարումը:
 Ի դեպ,  «Քովսար» տնտեսական կազմակերպության գործադիր տնօրեն Նասեր ֆախարիի և Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել  Հայաստանից խոշոր և մանր եղջերավոր ընտանի կենդանիներ ներմուծել Իրան:
 Ըստ ոչխարաբույծների՝ սա հնարավորություն կտա ծրագրի ու ոչխարաբուծության զարգացման հեռանկարներին:

Հեղինակ՝  Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink no deposit bonussahabetsahabetdeneme bonusuonwininterbahisinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişbio linkinterbahisinterbahis girişjojobetdeneme bonusu veren siteler