Գևորգ Պապոյանի հայտարարության հետքերով
Կաթնամթերք արտադրող ընկերություններն արձագանքում են Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:
Ամասիայի պանրագործական ընկերության տնօրեն Վարդան Մխիթարյանի խոսքով՝ ամեն գյուղ չէ, որտեղ օրական 700 լիտր կաթ է արտադրվում, բայց որևէ բնակավայրում մթերման կետ բացելն էլ հեշտ գործ չէ, նախևառաջ ներդրումներ են պետք, որ շատ տնտեսվարողներն այսօր ի վիճակի չեն անել:
«Մթերման կետ ասելով ինքն իրեն չի բացվելու, հո խանութ չէ, որ երկու հատ պոլկա դնես ու բացես: Մթերման կետ բացելու համար սառարաններ են պետք, կաթն այդտեղ սառեցնես, որ մյուս մեքենան գնա բերի: Մենք գնում ենք ամեն գյուղից առավոտյան և երեկոյան կաթը հավաքում բերում ենք»,- Ագրոպեսի հետ զրույցում նշեց գործարարը:
Ըստ նրա, սակայն, ավելի շահեկան կլինի, եթե համայնքներում մթերման կետ կարողանան բացել: Վարդան Մխիթարյանն ասում է՝ եթե պետությունն իրենց մեջքին կանգնի, ինքը պատրաստ է անասնապահության զբաղվող գյուղերում կաթի մթերման կետեր բացել:
Իսկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարել էր, թե ցանկացած գյուղում, որտեղ օրական կա առնվազն 700 լիտր կաթ, ընկերությունները պատրաստ են բացել մթերման կետ։
«Պայմանն ընդամենը դա է՝ նշել գյուղը, և կաթը կմթերվի տեղում՝ մոտ 170 դրամով։ Սա մեր պայմանավորվածության մաս է և իրական հնարավորություն գյուղացիների համար»,-ասել էր նախարարը:
Կաթնառատում կաթը շատ է
Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ բնակավայրում կաթն առատ է: Համայնքի վարչական ղեկավար Կարեն Մովսիսյանը հավաստիացնում է՝ սեզոնին իր ղեկավարած համայնքում օրական 700 լիտրից էլ ավելի կաթ կա, բայց որևէ գործարան մթերման կետ չի դրել:
Մովսիսյանը փաստում է՝ այս պահին բնակավայրում 600 կթու կով կա, հիմա միջինում օրական 2- 3 տոննա կաթ է արտադրվում: Կաթնառատցիներին նաև վրդովվեցնում է մթերման գները, որոնք, նրանց համոզմամբ, ցածր են:
«Տարբեր գործարաններ տարբեր գներով են կաթը մթերում՝ 160 դրամից մինչև 180: Ամոթ է էդ գնով մթերելը, ջուրը կաթից թանկ է: 30 կիլոգրամանոց թեփին տալիս ենք 4000 դրամ և անասունին ենք կերակրում: Հիմա հաշվեք. մի կովն էլ պետք է 10 միավորից ավելի կեր ուտի, որ մեկ լիտր կաթ տա»,- հաշվարկները թվարկեց նա:
Համայնքի անունն էլ պատահական չէ ընտրված. խորհրդային տարիներին այստեղ տոհմային տնտեսություններ են գործել, հետո գյուղը կոչել են Կաթնառատ, քանի որ այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում և շատ կաթ ստանում:
Չնայած այս ամենին՝ Կաթնառատում խոշոր եղջերավորների գլխաքանակն անկում է ապրել: Վարչական ղեկավարը վկայակոչում է նախորդ տարվա տվյալներն և արձանագրում, որ 2025-ին միայն 750 գլուխ կաթնատու կով են ունեցել, այս տարի թիվը հասել է 600-ի: Անասնագլխաքանակի նվազման պատճառներն են, ըստ նրա, տարբեր են:
«Նախորդ տարի դաբաղ եղավ, կովերն անկեցին: Անասնապահությունը թանկ է նստում, մարդիկ չեն ուզում պահել, մթերման գինն էժան է. 100-150 գրամանոց հացն առնում ենք 200-250 դրամով, սաղ թանկ է բացի մեկ կաթնամթերքը»,-նեղսրտեց մեր զրուցակիցը:
Բայց Շիրակի մարզում գործող «Իգդիր» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչն ընդգծում է՝ ռիսկային է հեռավոր և փոքր գյուղերում մթերման կետեր բացելը, պետք է համոզված լինեն, որ ներդրումները կարդարացնի:
«Մի քիչ դժվար հարց է գնալ և սահմանամերձ տեղերում մթերման կետեր բացել, պետք է իմանանք, որ այդտեղ և հարակից համայնքներից հնարավոր է տարեկան 30 000 լիտր կաթ հավաքել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:
Քանի գյուղում է օրական 700 լիտր կաթ արտադրվում
Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը դժվարանում է ստույգ նշել, թե հանրապետության 908 խոշորացված համայնքներում քանիսում է արտադրվում Գևորգ Պապոյանի ներկայացրած ցուցանիշը, վստահեցնում է՝ նման գյուղեր շատ կան: Պողոսյանի հաշվարկով՝ ոչ մի համայնքում ձմռանը 700 լիտր կաթ չի արտադրվում, բայց եթե ֆերմերը 100 կով ունի և յուրաքանչյուրն ամռան շրջանում ամեն օր 20 լիտր կաթ տա, հնարավոր է 700 լիտրից էլ ավելի կաթ արտադրել:
Նրա համոզմամբ՝ այնպես չէ, որ Գևորգ Պապոյանի հայտարարությունն անիրագործելի է, սակայն, այն կյանքի կոչելու համար լուրջ համակարգ պետք է գործի:
«Ամասիայի տարածաշրջանում հնարավոր է այնպիսի գյուղ լինի, որտեղ հնարավոր չլինի գնալ և կաթի մթերման կետ դնել, այդքան ծախս դնելը ձեռ կտա՞ վերամշակող ընկերությանը, կարդարացնի՞ իրեն, թե՝ ոչ, դա արդեն հարց է: Ընկերությունը պետք է տեսնի, եթե այդ շրջանում 1-2 գյուղ կա, որտեղ շատ կաթ կա և 700 լիտրը հաջորդ գյուղում կդառնա 2-3 տոննա, կգնան և մթերման կետեր կդնեն, բայց մի գյուղի համար հեռավոր տեղում մթերման կետ չեն դնի»,-նկատեց միության նախագահը:
Խաչատուր Պետրոսյանի կածիքով՝ նման շջաններում ավելի շատ շահեկան կլինի կոոպերատիվների հիմնումը, որտեղից էլ տնտեսվարողները կարող են մթերում իրականացնել:
Կաթի «սով» է
Անասնապահությամբ հայտնի Սիսիան խոշորացված համայնքի Գորայքում էլ պատկերը հակառակն է: Վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը հայտնեց, որ իրենց մոտ 3 ընկերություններ անասնապահական խոշոր գյուղերում մթերման կետեր են բացել, բայց կաթն է քիչ:
Նրա տեղեկացմամբ՝ կաթի արտադրության ցուցանիշները կրճատվել են, քանի որ միայն վերջին 5 տարում անասնագլխաքանակը 3 անգամ պակասել է, իսկ այս տարի նախորդի համեմատ 150 գլխով է նվազել:
«Կաթն էժան է, ձեռնտու չէ անասնապահությամբ զբաղվելը: Բացի այդ, գյուղում արտագաղթ կա՝ 131 տնտեսությունից մնացել է 78-ը, չեն մնում գյուղում, մարդիկ դուրս են գալիս: Հիմա կաթի «սով» է պահանջարկը շատ է, բայց առաջարկը՝ քիչ»,-ներկայացրեց Գորայքի ղեկավարը:
Պաշտոնական տվյալներով՝ 2021-2025 թթ-ին Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է ավելի քան 20 %-ով։ Այլ կերպ ասած՝ այսօր յուրաքանչյուր հինգ կովից մնացել է չորսը։ Նվազել է նաև ոչխարների և այծերի գլխաքանակը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյսն
