Օրերս կայացավ «Կայուն լուծումներ, առատ բերք» խորագրով մասնագիտական հանդիպում, որ կազմակերպել էր «Հրաշք Այգի» ընկերությունը՝ համախմբելով գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերություններին և գյուղատնտեսներին: Այս հանդիպումը նպատակ ուներ ներկայացնել նորարարական մոտեցումներ և ժամանակակից լուծումներ հայկական գյուղատնտեսության զարգացման համար: Միջոցառմանը մասնակցում էին երեք միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում իսպանական խոշորագույն պարարտանյութ արտադրող Arvensis Agro-ի ներկայացուցիչ Էնրիկե Ալկարասը հայ գյուղատնտեսներին ծանոթացրեց իրենց արտադրած պարարտանյութերը, որոնք նորամուծություններ են գյուղատնտեսության համար:
Իսպանական այս ընկերության արտադրանքը 23 տարի է՝ ինչ ամբողջ աշխարհում ֆերմերներն օգտվում են, հիմա այն հասանելի է նաև գյուղացիական տնտեսություններին: Arvensis ընկերության նորարարական և բարձր արդյունավետության պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը՝ ապահովելով բույսի աճն ու բերաքատվությունը: Arvensis Agro-ի ներկայացուցիչ Էնրիկե Ալկարասը հայ գյուղատնտեսներին ներկայացրեց իրենց արտադրանքի առանձնահատկություններն ու կիրառման արդյունավետ մեթոդները:
«Այն օգտագործվել է խաղողի այգում, որտեղ բույսերի զարգացումը խիստ սահմանափակվել էր: Այդ խաղողի այգում կիրառվել է մեկ հեկտարի հաշվով 5 լիտր «Կրիպտում», որի շնորհիվ վերականգնվել է հողի ակտիվությունը, վերականգնվել է բույսի կանաչ տեսքը: Այս տեսակի պարարտանյութը նաև խթանում է բույսի արմատային համակարգը: Հեկտարի համար օգտագործում ես 2 լիտր և արմատը մինրև 57 սանտրիմետր աճում է»,- պատմեց պարարտանյութ արտադրող խոշորագույն ընկերության ներկայացուցիչը:
Արդեն 2 տարի է՝ Fertiberia ընկերության որակյալ պարարտանյութերից օգտվում են հայ գյուղատնտեսները: Ընկերության ներկայացուցիչ Օնիկ Փանոսյանն ասաց, որ Հայաստանում այցելել է մեծ թվով ֆերմերների, եղել նրանց այգիներում ու ջերմոցներում, համոզվել՝ նրանք օգտագործում են միայն բարձրորակ բուժանյութեր ու պարարտանյութեր: Նա շեշտում է՝ Fertiberia ընկերության արտադրանքը ոչ միայն յուրահատուկ բարձր որակական հատկանիշներ ունի, այլ մատչելի է հայ հողագործների համար:
«Մենք արտադրում ենք զանազան տեսակի պարարտանյութեր. 100-ից ավելի տեսակի պարարտանյութեր ենք արտադրում: Ես այստեղ զանազան այգիներ և ջերմոցներ եմ այցելել և հանդիպել հողագործների հետ: Տեսանք, թե ինչ որակի պարարտանյութեր են օգտագործում: Զարմացա, որ այստեղ շատ լավ որակի պարարտանյութեր և բուժանյութեր են օգտագործում: Շուկայում կան նաև չինական ցածր որակի պարարտանյութեր, բայց հայ գյուղատնտեսը գործածում է բարձր որակի պարարտանյութ»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց Օնիկ Փանոսյանը:
Չնայած այս ամենին՝ կան ֆերմերները, որոնք դժգոհում են բուժանյութերի և թունաքիմիկատների որակից, որոնք, ըստ նրանց, անորակ են և ցանկալի արդյունք չեն տալիս:
«Հրաշք Այգի» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Իվանյանը մինչդեռ պնդում է, որ պարարտանյութերի և բուժանյութերի ներկրումը շատ է խստացվել, լաբորատոր ստուգումներից հետո են միայն կարողանում այն ներմուծել, հակառակ դեպքում մաքսազերծում չի իրականացվում:
«Այդ դժգոհությունները, որոնք հայտնում են գյուղացիները, դա նշանակում է, որ ոչ տեղին են օգտագործում և ժամանակին: Մենք միայն սրտիֆիակցված պարարտանյութեր են և այլ ապրանքներ ենք ներմուծում: 30 տարի է մենք գործում ենք, մենք փորձում են ամեն ինչ անել, որ ֆերմերներին, ընկերություններին առաջարկենք միայն լավ պարարտանյութեր ու ագրոտեխնիկա, որոնք աշխարհում նորարարություն են»,- նշեց նա:
Միրգ արտադրողների միության նախագահ Մուշեղ Թումասյանի խոսքով էլ գյուղատնտեսական սեզոնը սկսելուց առաջ ցանկանում են առաջատար ընկերությունների բուժանյութերն ու պարարտանյութերը ներկրել, բայց գործընթացն այնքան երկար է տևում, որ այն ժամանակին գյուղացիներին չի հասնում:
«Բայեր ընկերությունը գրանցված է Եվրոպայում, և նրա արտադրանքն այնտեղ վաճառվում է: Մենք ուզում են ներկրումներ անենք և այստեղ վաճառենք, բայց պետք է Հայաստանում էլ գրանցվի, որ կարողանանք օգտվել: Թող գրանցեն, բայց պարզեցված ընթացակարգով: Գյուղատնտեսական սեզոնը սկսվում է, բազմաթիվ պրեպարատներ կան, որոնք արդյունավետ են, մենք էլ ուզում ենք բերել, բայց երկար ժամանակ է պետք: Ստիպված հին ձևերն ենք կիրառում գյուղատնտեսության մեջ, ինչը այսօրվա գյուղատնտեսության հետ համահունչ չի. շատ ենք ծախսում ու ոչ բավարար արդյունք ստանում»,-նկատեց Թումասյանը:
Հանդիմանը ներկա Renier ընկերության ներկայացուցիչն էլ հայ այգեգործներին ծանթացրեց իրենց ժամանակակից գյուղտեխնիկան, որոնցից մեկը էտի համար նախատեսված տեխնիկան է:
Այդ տեխնիկան հնարավորություն է տալիս այգեգործին կատարել չոր և կանաչ ծառերի էտ, իսկ թափված տերևներն էլ համապատասխան գործիքն է հավաքում: Renier-ի գյուղտեխնիկան նախատեսված է նաև հայկական քարքարոտ տարածքներում աշխատելու համար: Ընկերությունը բազմապիսի և բազմաֆունկցիոնալ, նորարար և ժամանակակից գյուղտեխնիկա է առաջարկում հայաստանյան այգեգործներին և հողագործներին:
«Կայուն լուծումներ, առատ բերք» խորագրով հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ կարող է դառնալ հայկական գյուղատնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ զարգացման կարևոր հիմք:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
